Բանաստեղծ Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» («Վագրենավորը»)
պոեմը վրացական Վերածննդի գրականության բարձրակետն է:
Շոթա Ռուսթավելու կյանքի ու գործունեության մասին հավաստի տեղեկություններ մեզ չեն հասել: «Ընձենավորը» պոեմի նախերգանքի VII և VIII քառատողերում ընդամենն ասվում է, որ հեղինակը Ռուսթվելին է՝ ծագումով` մեսխ:
«Ընձենավորը» գրել է 1189–1207 թթ-ին և նվիրել է Թամար թագուհուն ու նրա ամուսնուն՝ ալանաց արքայորդի Դավիթ Սոսլանին: Թեև նկարագրվող դեպքերն ու իրադարձությունները տեղի են ունենում Հնդկաստանում, Պարսկաստանում, նաև մտացածին երկրներում, այնուամենայնիվ, հեղինակը ճշմարտացիորեն արտացոլում է XII դարի Վրաստանի հասարակական-քաղաքական իրադրությունը: Պոեմը հիմն է ազատ, անկեղծ ու երկրային սիրո: Բանաստեղծը մերժել է գռեհիկ զգայական սերը, հնարավոր համարել տղամարդու և կնոջ բարոյական ու մտավոր հավասարությունը: Պոեմում զարգացրել է նաև եղբայրության, ընկերության ու բարեկամության թեման:
Շոթա Ռուսթավելու անունը վկայված է 17-րդ դարի գրավոր աղբյուրներում։ Էպոսի տողերում հեղինակը նշել է իր անունը։ Հեղինակի ազգանունը ցույց է տալիս ծննդավայրը (Մեսխեթի Ռուսթավ գյուղ)։ Կրթությունը ստացել է Գելաթի և Իկալտոյի ակադեմիաներում, ապա «հունաց երկրում» (Բյուզանդիա)։
Զարգացած միջնադարում միացյալ Վրացական թագավորությունը զորեղանում է։ Նրա գերիշխանության տակ են անցնում հարևան ու հեռավոր բազմաթիվ երկրներ։ Պայմաններ են ստեղծվում վրացական մշակույթի բարգավաճման համար։ Թբիլիսիի արքունիքը ջանք ու միջոցներ չի խնայում արվեստների ու գրականության զարգացման համար։ Թամար թագուհին (1184-1213) Շոթա Ռուսթավելուն հանձնում է արքունի գանձապահի պաշտոնը։
Ուշ միջնադարի վրացի հեղինակները տեղեկություններ են տալիս Ռուսթավելու կենսագրության մասին։ Կյանքի վերջին տարիները բանաստեղծն անցկացրել է Երուսաղեմի նախկին վրացական Սուրբ Խաչ վանքում, որտեղ էլ գտնվել է նրա որմնանկարը։ Այն հեղինակել է վրացի ուխտավոր Տիմոթեոս Գաբաշվիլին 1757/58 թվականներին։ Երուսաղեմում գտնված տեղեկությունների համաձայն՝ Շոթա Ռուսթավելին նշվում է որպես բարերար, ինչը հաստատում է Թամար թագուհու պալատում իր ունեցած բարձր դիրքի մասին։
Այսօր Շոթա Ռուսթավելու անունով Թբիլիսիում գործում է Պետական ակադեմիական թատրոն (1887 թվականից), կա պետական մրցանակ (1965 թվականից), նրա անունն է կրում Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Գրականության ինստիտուտը։
Բովանդակություն
- 1Տեղեկություններ՝ կյանքի մասին
- 2Շոթա Ռուսթավելու անվան մասին
- 3«Ընձենավորը» պոեմը
- 4Տես նաև
- 5Պատկերասրահ
- 6Ծանոթագրություններ
- 7Արտաքին հղումներ
Ռուսթավելու ճշգրիտ կենսագրությունը դեռևս հնարավոր չէ մանրամասն շարադրել։ Պահպանված տասնյակ ավանդությունները թեև որոշ չափով իրականությանը համապատասխանում են, սակայն դրանց վերաշարադրանքը հեռու է գիտական հարցերին պատասխան տալուց։ Անունից կարող ենք հետևություն անել, որ ծնվել է Վրաստանի հարավ-արևմուտքում, մոտավորապես այնտեղ, ուր հիմա էլ Ռուսթավի կոչվող գյուղ կա։ Հավանաբար այստեղ է անցել Շոթայի մանկությունը։ Իսկ նրա «Ընձենավորը» պոեմի տեքստից կարելի է դատել, որ նա եղել է իր ժամանակի համար բարձր զարգացման տեր մարդ :

