
Անապատային խածկտիկ , սերինոսների ընտանիքին պատկանող բնադրող-չվող թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Արտաքին կառուցվածք `
Մարմնի երկարությունը 12,5 սմ է, թևերի բացվածքը՝ 25-28 սմ, կենդանի զանգվածը՝ 20 գ։ Արուի կտուցը հաստ է, վարդագույն, գլուխը՝ մոխրագույն։ Էգի փետրածածկը մոխրագույն է, գլուխը, գոտկատեղը և պոչի հիմքը՝ վարդագույն երանգով։ Երիտասարդը դեղնամոխրագույն է՝ առանց վարդագույն երանգի։
Տարածվածություն `
Հարմարված է կիսաանապատային, ժայռաելուստներով անջրդի աղբյուրների հարևանությամբ, նոսր բուսականությամբ տարածքներին և ձեռք է բերել միջավայրի գույներին զարմանալի նմանություն, որի շնորհիվ անտեսանելի է գիշատիչների համար։ Առավոտյան և երեկոյան անապատային խածկտիկներն աղբյուրներ են այցելում զույգերով կամ սակավաթիվ խմբերով։
Տարածված է Հյուսիսային Աֆրիկայում, Փոքր Ասիայում, Իսրայելից և Առաջավոր Ասիայից մինչև Պակիստան, Հյուսիսարևմտյան Հնդկաստան, Կենտրոնական Ասիա և Մոնղոլիա։
Հայտնաբերված է Արարատի մարզի Վեդի քաղաքի շրջակայքի բնադրավայրում։ Առանձին առանձնյակներ նկատվել են Արարատի մարզի այլ մասերում և Կոտայքի մարզում։
Սննդառություն `
Սնվում է սերմերով, հատապտուղներով, անողնաշարավորներով։
Բնադրում `
Բնադրում է ժայռաճեղքերում կամ գետնին։ Խոտաբույսերից և ցողուններից պատրաստված բույնը գավաթաձև է։ Դնում է 10 մմ տրամագծով, բաց երկնագույն՝ կարմիր-դարչնագույն պտերով 4-6 ձու։ Աղբյուրներ այցելելիս անապատային խածկտիկները խառը երամներ են կազմում կարճամատ ճնճղուկի և մոնղոլական խածկտիկի հետ։
Պահպանություն`
Հայաստանում խիստ սահմանափակ արեալով, հազվագյուտ և օջախային բնադրմամբ խիստ սակավաթիվ տեսակ է, որը քիչ մտահոգող կարգավիճակով ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում։
Սպառնացող վտանգներից է փոքր թվաքանակը և տնտեսական գործունեության արդյունքում ապրելավայրերի փոփոխումը։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում։