Հայաստանի ազատագրության Մոսկովյան ծրագիրը: XVIII դարի վերջերին Ռուսաստանր մեծ ջանքեր էր գործադրում ծովային նոր, հարմար ուղիների տիրելու համար: Հետաքրքրություններից մեկն աղերսվում էր Սև և Ազովի ծովերի հետ, որոնք գտնվում էին Թուրքիայի տիրապետության ներքո: Կասպից ծովը նրա առջև բացում էր անկում ապրող Պարսկաստանի մետաքսով ու հումքով հարուստ տարածքները: Սակայն այդ պահին Ռուսաստանի համար առաջնահերթը հյուսիսային ծովային ամենադժվարագույն ու ամենաշահավետ ուղի՝ Բալթիկ ծով դուրս գալն էր: Այս նպատակով նա պատերազմ էր սկսել (1700 թվականից) Եվրոպայի հզորագույն տերություններից մեկի՝ Շվեդիայի դեմ, որին էլ պատկանում էին Բալթիկ ծովի՝ Ռուսաստանին շահագրգռող բոլոր ափերը: Պատերազմի սկիզբը ուղեկցվում էր Ռուսաստանի համար ծանր, ջախջախիչ պարտություններով: Բայց երիտասարդ թագավոր Պետրոս I-ը լի էր կամքով ու վճռականությամբ ոչ միայն դրությունը շտկելու, այլև պատերազմը հաղթական ավարտին հասցնելու։