Իրանի նախագահ Հասան Ռոհանին երեկ կառավարության նիստում խոսել է միջազգային իրավիճակի մասին և նշել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները հասել են գերագույն լարվածության:
Իսլամական հանրապետության ղեկավարը միաժամանակ ընդգծել է, թե «վայրկյան իսկ կասկածի տակ չի առնում իրանական կողմի վերջնական հաղթանակը»:
«Ամերիկան այսօր փորձում է առավելագույն ճնշումը բանեցնել Իրանի վրա, բայց մեր ժողովուրդը մեծ կամք ունի», – ասել է Ռոհանին:
Նրա փոխանցմամբ` Սոչիում տեղի ունեցած ռուս-իրանա-թուրքական եռակողմ գագաթնաժողովը հզոր հարված էր Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում Մերձավոր Արևելքի թեմայով ԱՄՆ-ի նախաձեռնած միջազգային հավաքին: Փետրվարի 13-14-ը Վարշավայում տեղի ունեցած հանդիպումը, Ռոհանիի համոզմամբ, «Ամերիկայի արտաքին քաղաքականության ևս մեկ ձախողումն էր»:
Վաշինգտոնը միջազգային համայնքին հորդորում է սառեցնել կապերն իսլամական հանրապետության հետ, մինչդեռ, Իրանի անմիջական հարևանները ծայրահեղ քայլերի չեն գնում, ավելին՝ նույնիսկ շարունակում են բնականոն շփումները և բարիդրացիական կապերից չեն հրաժարվում:
Այդ առումով հիշեցնենք, որ փետրվարի 16-ին Մյունխենում անվտանգության միջազգային խորհրդաժողովի շրջանակում հանդիպել են Իրանի և Հայաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Դրանից ավելի վաղ՝ հունվարի 31-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քյոլնում հայերի հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել է, որ փետրվարի 27-ին կմեկնի Իրան: