Նախ պետք է տարբերել աշխատավորական շարժման ձեւավորմանը նպաստող իրավիճակն այն իրավիճակներից, որոնցում վտանգված է ինքնին աշխատանքի իրավունքի իրացումը: Հարկավոր է տարբերել իրավիճակը, որի արդյունքում ձեւավորվում են աշխատանքային պայմանների բարելավմանը, աշխատավարձի չափին, աշխատողների այլ իրավունքների պաշտպանությանն ուղղված շարժումներ, այն իրավիճակից, երբ կա անհրաժեշտություն պաշտպանելու աշխատանքի իրավունքը, երբ քաղաքացիների զգալի մասը աշխատանք ունենալու խնդիր ունի:
Տարբեր երկրների փորձի համեմատությունից ակնհայտ է դառնում, որ այն հասարակություններում, որտեղ կառուցվածքային մակարդակում լուծված չէ զբաղվածության խնդիրը եւ գործազրկության տոկոսը բավականին բարձր է բնական (թույլատրելի, ընդունելի) մակարդակից, աշխատանքային շարժումների առաջացման հավանականությունը ցածր է: Որքան էլ դա առաջին հայացքից ակնհայտ է, սակայն հարկավոր է այն պնդումն անել, որ աշխատանքային շարժման ձեւավորման համար անհրաժեշտ է իրական եւ ոչ թե պոտենցիալ աշխատողների առկայություն: Մեծ թվով գործազուրկների առկայությունը գործատուների գործողություններին ազատություն տվող այն ռեսուրսն է, որը կաշկանդում է աշխատողներին՝ իրենց իրավունքները պաշտպանելիս: Ըստ հետազոտության մասնակիցների, տարբեր խնդիրների շուրջ քննարկումներում գործատուները հաճախ են հղում կատարում մեծ թվով գործազուրկների առկայությանը, ինչի ենթատեքստը բավականին պարզ է. «այս աշխատանքի կատարման համար կգտնվեն մեծ թվով ցանկացողներ, անփոխարինելի մարդիկ չկան»: Փորձագետներից մեկի պատկերավոր բնորոշման համաձայն. «Գործից հանում են «կշտացածներին» եւ բերում են «բոբիկներին»: Եվ գիտեն, որ չեն բողոքի: Ամենամեծ կախվածության պատճառը աշխատատեղերի պակասն է»:
Աշխատանքային իրավունքը, իրավունքի ոլորտ է, որով կարգավորվում են աշխատողների, արհմիությունների,գործատուների և պետության միջև փոխհարաբերությունները, արմրագրվում և երաշխավորվում են աշխատանքի իրավունքը, աշխատողների երաշխիքները, դրանց իրացման, ինչպես նաև պաշտպանության պայմանները և կարգը։
Աշխատանքի իրավունքը մարդու անօտարելի իրավունքների ու ազատությունների խմբին պատկանող իրավունք է, ըստ որի յուրաքանչյուր ոք ունի իր ֆիզիկական գոյությունը, հոգևոր ու նյութական պահանջմունքները բավարարելու նպատակով սեփական աշխատանքով միջոցներ վաստակելու հնարավորություն։
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, ի թիվս այլ միջազգային փաստաթղթերի, որոնցում այն ամրագրված է որպես անօտարելի իարվունք, աշխատանքի իարվունքը բնորոշված է հետևյալ կերպ.
- Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի արդար ու բարենպաստ պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք։
- Յուրաքանչյուր ոք, առանց որևէ խտրականության, ունի հավասար աշխատանքի համար հավասար վարձատրության իրավունք։
- Յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի արդար ու գոհացուցիչ վարձատրության, որը ապահովի մարդավայել գոյություն իր և իր ընտանիքի համար և անհրաժեշտության դեպքում լրացվի սոցիալական ապահովության այլ միջոցներով։
- Յուրաքանչյուր ոք ունի արհեստակցական միություններ ստեղծելու և իր շահերը պաշտպանելու համար արհեստակցական միություններ ընդունվելու իրավունք։
Հայաստանում աշխատանքային իրավունքը կարգավորվում է Հայաստանի ստորագրած մի շարք միջազգային փաստաթղթերով, ՀՀ Աշխատանքային օրենսգրքով և որոշ ենթաօրենսդրական և դատական ակտերով։ Հանրային ոլորտում աշխատանքային հարաբերությունները ունեն որոշակի առանձնահատկություններ և կարգավորվում են Քաղաքացիական ծառայության մասին օրենքով։ ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը կարգավորում է կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերությունները, սահմանում է այդ հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն ու իրականացման կարգը, աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը, ինչպես նաև աշխատողների անվտանգության ապահովման ու առողջության պահպանման պայմանները։