Posted in Պատմություն

Հայաստանը Երվանդունիների օրոք

Երվանդունիներ՝ հայկական թագավորական և սատրապական տոհմ մթա VI-II դարերում։ Երվանդունիների մասին պահպանված տեղեկությունները հակասական են։ Այդ պատճառով Երվանդունիների ծագումը, Հայաստանում նրանց միասնաբար և անընդմեջ իշխելու հանգամանքները դեռևս վիճելի են պատմագիտության մեջ։ Ըստ Մովսես Խորենացու, Հայոց թագավոր Երվանդ Ա Սակավակյացը և նրա գահաժառանգ որդի Տիգրանը Մարաց թագավոր Աժդահակի ժամանակակիցներ էին։ Այս տեղեկությունը հաստատվում է նաև Տիգրանի և նրա հոր մասին Քսենոփոնի հաղորդմամբ։ Ուստի, հավանական է Երվանդունիների ծագումը այս թագավորներից։ Պերգամոն քաղաքից 12 կմ հեռավորության վրա գտնված մի հունարեն արձանագրության մեջ Հայաստանի սատրապ Երվանդ Բ–ին վերագրված է բակտրիական ծագում։ Իսկ Կոմմագենեի Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի նախնիներին նվիրված Նեմրութ լեռան արձանագրության մեջ Երվանդունիները դասված են Դարեհ Աքեմենյան արքայի հաջորդների ցանկում։ Քանի որ Երվանդ Բ Աքեմենյան Արտաքսերքսես II արքայի փեսան էր, ուրեմն նրա սերունդը կարող էր մայրական գծով ճանաչվել Աքեմենյան։ Երավնդունիների Աքեմենյան շառավիղ լինելու հանգամանքը երբեմն ընդգծվել և գերագնահատվել է։ Ստրաբոնը Երվանդ Դ Վերջինին համարում է Դարեհ I–ի զինակից Հիդարնեսի սերունդ։ Ստրաբոնի այդ վկայության հիման վրա ուսումնասիրողները կարծում են, որ Դարեհ I, վերացնելով Հայաստանի թագավորությունը, որի գահակալները սերում էին Երվանդ Ա Սակավակյացից, Հայաստանի սատրապ է նշանակել Հիդարնեսին, և նրա հաջորդները ժառանգաբար իշխել են մինչև մթա III դ վերջը։ Որովհետև այդ տոհմում հիշատակվում են Երվանդ անունով չորս թագավոր ու սատրապ, ուստի ենթադրում են, որ Հիդարնես Ա կամ նրան հաջորդած համանուն որդին, իրենց իշխանությունը Հայաստանում ամրապնդելու համար խնամիացել են Հայոց Երվանդունիների տոհմի հետ։Մ.թ.ա. VI-րդ դարի 70-ական թթ. Երվանդյան Հայքը, բախվելով Մերձավոր Արևելքում ահեղ ուժ դարձած մարա-պարսկական տերությանը և հարկադրված ճանաչելով նրա գերիշխանությունը՝ այնուամենայնիվ պահպանել է իր պետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հոգևոր-մշակութային ինքնուրույնությունն ու կենսունակությունը, որոնք հաստատուն հիմքերի վրա էին դրվել նախընթաց դարերում։ Հայաստանի պետական սահմանները համընկել են ճիշտ Արարատյան տերության և հայ ժողովրդի էթնիկական սահմաններին։ Հույն պատմագիր Հերոդոտոսը, վկայակոչելով Հեկատեոս Միլեթացու աշխարհացույցը, մ.թ.ա. VI-V դդ. Հայաստանը ներկայացրել է միաձույլ, հայ ժողովրդով բնակեցված ընդարձակ երկիր, որի սահմանները հարավ-արևելքում տարածվել են մինչև Փոքր Զավ գետի ակունքները և Մարաստան, հարավում՝ մինչև Ադիաբենե (Ասորեստան), հյուսիս-արևմուտքում՝ մինչև Պոնտոս, արևմուտքում՝ մինչև Մեծ կամ Բուն Կապադովկիա, իսկ հարավ-արևմուտքում՝ մինչև Կիլիկիա։ Պատմագիրը Հայաստանի անբաժան մասն է համարում Եփրատից արևմուտք ընկած Պակտիկեն, որը համընկել է հին պարսկական արձանագրություններում հիշատակվող Կատպատուկա (հին հայկական աղբյուրներում՝ Կապուտկե, Կապուտկող, ավելի ուշ՝ Փոքր Հայք) երկրամասին։ Հերոդոտոսին ծանոթ Հայաստանը լիովին ընդգրկում էր Հայկական լեռնաշխարհը։ Համաձայն Մար Աբաս Կատինային վերագրվող «Նախնական պատմության» (որի պատառիկները բանաքաղությամբ ավանդել է պատմահայր Մովսես Խորենացին), մ.թ.ա. VI-IV դդ. Հայաստանում շարունակել են իշխել Արամի հիմնադրած Հայկազյան արքայատան ներկայացուցիչները։ Պատմագիտության մեջ այդ արքայատունը հաճախ անվանում են Երվանդունի կամ Երվանդական՝ մ.թ.ա. 570-ական թթ. սակավ տարիներ գահակալող Երվանդ Ա Հայկազյանի անունով։ Վերջինիս հաջորդած որդին՝ Տիգրան Ա Հայկազյանը (մ.թ.ա. մոտ 560-530-ական թթ.), Պարսից Աքեմենյան արքա Կյուրոս Ա Մեծի հետ մ.թ.ա. 550-ին մասնակցել է Մարաստանի, իսկ 538/537-ին Բաբելոնիայի թագավորությունների կործանմանը։ Հայկազյան-Երվանդունիները շարունակաբար գահակալել են մինչև մ.թ.ա. III դարի վերջը։ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից և մ.թ.ա. 331-ին Աքեմենյան տիրակալության անկումից հետո, Հայաստանում գահակալող Երվանդ Գ իրեն հռչակել է անկախ թագավոր (մ.թ.ա. 331 – մոտ 300) և պայքարել հունա-մակեդոնական նվաճողների դեմ։ Նրա աջակցությամբ մ.թ.ա. 331-ին Փոքր Հայքի թագավոր է հռչակվել զորավար և նրա թերևս մերձավոր ազգական Միթրաուստեսը (Միհրվահիշտ)։ Երվանդ Գ արքան, հակահարված հասցնելով Ալեքսանդր Մակեդոնացու զորավարներ Մեմնոնի և Սելևկոս Նիկատորի ոտնձգություններին, հաջողությամբ պաշտպանել է Մեծ Հայքի թագավորության անկախությունը։ Նրա աջակցությամբ իրենց անկախությունը պահպանել են նաև Փոքր Հայքի, Պոնտոսի և Կապադովկիայի թագավորությունները։

Պարույր թագավոր

Վանի թագավորության փլատակների վրա հանդես եկան մի շարք իշխանություններ, որոնց մեջ սկսեց առանձնանալ Պարույրի թագավորությունը:

Հայաստանի Երվանդական թագավորությունը

Մեկ թագավորության ներքո ամբողջ երկիրը միավորելու գործը իրականացրեց Երվանդական արքայատոհմը, որի իշխանության կենտրոնն սկզբում Այրարատն էր:

Հայ ժողովրդի կազմավորման ավարտը

Հայ ժողովրդի կազմավորումը, որ ակտիվացել էր Ք.ա. II հազարամյակի վերջերին, բուռն ընթացել Վանի թագավորության շրջանում, Երվանդականների թագավորության օրոք թևակոխեց իր ավարտական փուլը:

Հայ-մարական հարաբերությունները

Ք.ա. 612 թ. մարական և բաբելոնական զորքերը, որոնց հետ միասին կռվում էին նաև հայկական զորաբանակներ, գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն և ամենայն դաժանությամբ կործանեցին այն:

Հայ-պարսկական ռազմաքաղաքական դաշինքը

Պարսից արքա Կյուրոս Մեծին, որը վերոհիշյալ Կյուրոսի թոռն էր, հաջողվում է տապալել Մարաստանի տիրապետությունը և հիմք դնել հին աշխարհի հզոր տերություններից մեկին՝ Աքեմենյան Պարսկաստանին:

Հայերի Ք.ա. 522-521 թթ. հակապարսկական ապստամբությունը

Քաղաքական վիճակն արմատապես փոխվեց Կյուրոս Մեծի և հայոց Տիգրան թագավորի մահից հետո, երբ իշխանության գլուխ եկավ Դարեհ Ա Վշտասպ թագավորը

Unknown's avatar

Author:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոց 12 շրջանավարտ

Leave a comment